Բնագիտություն

Ինչ վնաս են տալիս քիմիական նյութերը երկիր մոլորակին

Մարդը, լինելով բնության մի մաս, պետք է որ ներըմբռնողաբար զգար, թե ինչն է բարերար կերպով, իսկ ինչը՝ կործանարար ազդում իր շուրջը գոյություն ունեցող հիանալի աշխարհի վրա։ Չէ՞ որ միայն մարդն է օժտված շրջակա միջավայրը փոխելու ունակությամբ, բայց նա այդ հնարավորությունն օգտագործում է անարդյունավետորեն եւ խախտում է էկոլոգիական հավասարակշռությունը։ Ցավոք, մարդիկ պիտի գիտակցեն‚ որ, չկարողանալով ժամանակին կանգ առնել, իրենք կարող են ոչնչացնել նաեւ իրենց աշխարհը, եւ իրենք իրենց։

Տեխնիկական առաջընթացի այն նվաճումները, որ մարդկությունը ձեռք է բերել, հաճախ լինելով խիստ օգտակար, միաժամանակ իրենց մեջ պարունակում են  լուրջ վտանգ։ Շրջակա միջավայրի նկատմամբ միայն ուշադիր ու նրբազգաց վերաբերմունքը կարող է օգնել անուղղելի սխալներ չկատարելու եւ մոլորակն էկոլոգիական ճգնաժամից դուրս բերելու։

Բնության նկատմամբ մարդու անհեռատես, սպառողական վերաբերմունքի առաջին հետեւանքները դրսեւորվեցին դեռեւս ստրկատիրության եւ ֆեոդալիզմի դարաշրջաններում։ Արդեն այն ժամանակ ոչնչացան կենդանիների որոշ տեսակներ, նվազեցին անտառահանդեր, անփույթ հողագործության պատճառով արգավանդ դաշտերի վայրում երեւան եկան տափաստաններ ու անապատներ։ Այժմ այդ բոլոր տհաճ գործընթացները սաստկացել են, դրանց ավելացել է օդի ու ջրի լայնամասշտաբ աղտոտումը։

Թեպետ շատ երկրներ ընդունել են օրենքներ, որոնք կարգավորում ու խստիվ սահմանափակում են կենդանի էակների կյանքին եւ առողջությանը վտանգավոր թունավոր թափոնների նետումը, այդուհանդերձ քիմիական նյութերը շարունակում են լցվել գետերի ու լճերի մեջ։ Հսկայական խողովակներից այստեղ են թափվում նաեւ կոյուղու գարշահոտ կեղտաջրերը, որոնք ծանր վարակիչ հիվանդությունների՝ խոլերայի, որովայնային տիֆի, դիզենտերիայի եւ այլ վարակների աղբյուր են։ Նավաբեկությունները եւ հեղուկանավերի վթարները ծովերի ու օվկիանոսների մակերեւույթի վրա առաջացնում են վիթխարի նավթաշերտեր, որոնք հսկայական վնաս են պատճառում ծովային միջավայրին ու այնտեղ ապրող կենդանի օրգանիզմներին։ Մոլորակի մակերեւույթի վրա թափվում են այսպես անվանվող թթվային անձրեւներ, որոնք թունավորում են քաղցրահամ ջրի ջրամբարները, ոչնչացնում Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի անտառները։ Էլեկտրակայանների եւ ավտոմոբիլների` մթնոլորտ արտանետած գազերն օդում խառնվելով ջրի մանր կաթիլներին, առաջացնում են թույլ թթուներ, որոնք հետո թթվային տեղումների տեսքով ընկնում են Երկրի վրա` ոչնչացնելով ու վնասելով բույսերը, աղտոտելով գետերն ու լճերը, քայքայելով մարդու ստեղծած շինություները։ Դաշտերից քիմիական պարարտանյութերի լվացում-մաքրումը եւ լվացքի փոշիների օգտագործումը, որոնց կազմի մեջ մտնում են ֆոսֆատներ, կարող են հանգեցնել ջրամբարների առանձնահատուկ աղտոտման։ Սրա էությունը հետեւյալն է. այդ նյութերը պատճառ են դառնում ջրիմուռների արագ բազմացման, որոնք մակերեւույթը պատում են խիտ շերտով, չթողնելով լույսի ներթափանցումը ջրի խորքերը, եւ սպառում են ջրի մեջ լուծված ամբողջ թթվածինը, ինչն էլ հանգեցնում է ձկների խեղդամահության ու թունավորման։

Ընդհանրապես, տուժած ջրամբարներում ջուրը նման է հեղուկ կանաչ շիլայի` ճերմակավուն փրփրոտ ծածկույթով։ Եթե մենք ուզում ենք մեր սերունդների համար պահպանել մաքուր ջուր, որը կարելի է խմել եւ որի մեջ կարելի է լողալ, ապա արդեն այսօր, առանց հետաձգելու, այդ մասին պետք է հոգալ։

Ավազամրրիկները, փոշին, հրաբխային գազերն ու մոխիրը, որոնք ապականում են երկրամերձ օդային տարածությունը, բնական նյութեր են եւ մթնոլորտի կազմում մարդու համար անդառնալի վտանգավոր փոփոխությունների չեն հանգեցնում։ Երկրի օդային թաղանթի համար կործանարար է մարդու գործունեության ներգործությունը. գործարաններն ու ֆաբրիկաները, էլեկտրակայաններն ու ավտոմոբիլներն օդը հագեցնում են վնասակար գազերով։  Սրա հետեւանքով տեղում են թթվային անձրեւներ, քայքայվում է մոլորակի օզոնային վահանը, նկատվում է կլիմայի ընդհանուր տաքացում։ Մթնոլորտն ամենասարսափելի աղտոտողներից են ռադիոակտիվ նյութերը։ Դրանք  մթնոլորտ են թափանցում միջուկային պայթյունների հետ կապված աղետների ժամանակ։ Քամիներն ու անձրեւները դրանք տարածում են աշխարհով մեկ։ Ռադիոակտիվ նյութերը նստում են բույսերի եւ հողի վրա, այնուհետեւ թափանցում են խոտակեր կենդանիների օրգանիզմի մեջ, իսկ այնտեղից էլ` մարդու օրգանիզմ։ Ռադիոակտիվ ապականումը երեխաների գենետիկական (ծագումնաբանական) ապարատի խախտումներ է առաջացնում` մեծացնելով բնածին այլանդակությունների թիվը, թուլացնում է մանկական օրգանիզմի դիմադրողականությունը։ Մեծ քաղաքների վրա ծխամշուշի սեւ ամպերն առաջացնում են շնչառական ուղիների օրգանների հիվանդության մակարդակի աճ, ժամանակակից քաղաքների բնակչության շրջանում ավելի ու ավելի շատ են հանդիպում ալերգիայով եւ ասթմայով հիվանդներ։ Մթնոլորտն, անշուշտ, շատ ավելի մաքուր կլիներ, եթե մարդիկ էներգիա ստանալու համար օգտագործեին միայն էկոլոգիապես մաքուր մեթոդներ` արեւային մարտկոցներ, հողմաղացներ եւ այլ միջոցներ, իսկ բոլոր ծխնելույզները սարքավորեին օդն ապականող գազերը պահող հատուկ զտիչներով։ Իհարկե, առայժմ սա անիրական է հնչում, բայց հենց դրան է անհրաժեշտ ձգտել։

Մարդու գործունեության եւս մեկ բացասական հետեւանք է հողի էրոզիայի գործընթացի ուժեղացումը, որն արտահայտվում է հողի վերին շերտը ջրով ու քամիով քայքայելով, նրա մասնիկները լվանալով եւ ցրելով։ Հողի ջրային եւ հողմային էրոզիան նվազեցնում է  վարելահողերի տարածքները, հողի արգավանդությունը, քայքայում է ճանապարհներ ու տարբեր կառուցվածքներ։ Այս գործընթացի հետեւանքով` կանաչ դաշտերի ու մարգագետիների մեջ հայտնվում եւ զարգանում են սեւ խոր խանդակ-հեղեղատներ, փչում են տաք խորշակներ‚ մոլեգնում փոշեմրրիկներ։ Քիմիական պարարտանյութերի չարաշահումը թունավորում է հողը, վնասում` նրա արգավանդության աղբյուրին` այսպես կոչված բուսահողին կամ հումուսին։ Մի ժամանակ քաղաքները շրջապատող ծաղկող դաշտերի լայնարձակ տարածքները ներկայումս պատված են փտող աղբով եւ թափոններով։ Մարդու բուռն գործունեության արդյունքը սարսափելի է` ավելի քան 500 միլիոն հեկտար արգավանդ հողեր նրա կողմից վերածվել են անապատի։

Մոլորակի արգավանդ շերտի քայքայման գործում մեծ դեր է խաղացել անտառների զանգվածային ոչնչացումը։ Անցած հազարամյակներին երկրագնդի վրա հատվել ու այրվել է մոլորակի բոլոր անտառահանդերի երկու երկրորդը։ Մարդն անտառները հատում է, որպեսզի մեծացնի ցանքատարածությունների մակերեսը, որպեսզի դրանց տեղում կառուցի տներ եւ անցկացնի հաղորդակցուղիներ, որպեսզի ջեռուցի կառուցված շինությունները, պատրաստի կահույք ու թուղթ եւ այլն։ Բայց եթե մենք չկարողանանք ժամանակին կանգ առնել, ապա 300 տարի անց մոլորակի մակերեսի վրա ոչ մի ծառ չի մնա։

Բնությունը հրաշք-սուփրա չէ, որի համեղ կերակուրների պաշարը չի սպառվում։ Բնական պաշարներն ամենեւին անսպառ չեն, ինչպես թվում էր անցյալում, եւ մենք մոտեցել ենք ճակատագրական սահմանագծին, որից այն կողմ կհայտնվի ամայություն։

Չնայած թվացյալ էներգետիկ առանջընթացին, աշխարհում տակավին շատ մարդիկ ապրում են այնպիսի պայմաններում, երբ նրանց համար տաքության միակ աղբյուրը փայտանյութն է։ Ավելի քան մեկ միլիարդ մարդ փայտով տաքանալու կարիք ունի, եւ այդ շրջաններում անտառահատումը կատարվում է շատ ավելի արագ, քան վերարտադրությունը։

Հսկայական տարածքներ ազատվում են անտառային զանգվածներից ցանքատարածություններն ընդլայնելու համար։ Դաժանաբար արմատահանումը խախտում է հողի կառուցվածքը, իսկ էրոզիան սրբելով հումուսը ոչնչացնում է նրա արգավանդ հատկությունները, այնուհետեւ հողագործներն անպտղաբեր դարձած դաշտերը թողնում հեռանում են։ Այդպիսի վայրում անտառի վերականգնումը, բարենպաստ պայմանների դեպքում, կպահանջի ոչ պակաս հարյուր տարի, բայց ավելի շուտ, այդ վայրը կվերածվի անապատի։ Այսպիսով, ամեն տարի ոչնչանում է 10 հազար քառակուսի կիլոմետր անտառ։ Սրա մեղավորները հիմնականում մանր հողագործներն ու հողազուրկ գյուղացիներն են, որոնց համար կարեւորը հանապազօրյա հաց վաստակելն է, այլ ոչ թե գալիք օրվա մասին մտահոգվելը։

Оставьте комментарий